Найти тему
Հայաստանն այսօր

Մեղադրանք է ներկայացվել «Ավամ Գրուպ»-ի ներկա և նախկին տնօրեններին

«Նոր Զովք» ՍՊ ընկերության քրեական վարույթի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել և մեղադրանքներ են ներկայացվել «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Ս.Ս-ին և նախկին տնօրեն Վ.Ա.-ին։

«Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության մատակարարած ապրանքների ծավալները և վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու, շրջանառությունը վերահսկելու նպատակով ընկերության գործադիր տնօրենը ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր նկուղում։

Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը, «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, թաքցրել է ընկերության կողմից իրականացված հարկվող գործարքների մի մասը՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։

«Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), ընկերության նախկին տնօրեն Վ.Ա.-ին, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ին և Ս.Մ.-ին, «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերության սեփականատեր Վ.Ս.-ին (հոդված 46՝ hանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը) ներկայացվել են մեղադրանքներ։

«Ավամ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում