Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ մայիսի 14-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները կսահմանափակվեն մեկ փուլով:
«Վստահ եմ, որ ժողովուրդն այս ընտրությունները կավարտի մեկ փուլով», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա չորեքշաբթի CNN Turk հեռուստաալիքի եթերում:
Էրդողանի խոսքով՝ «մայիսի 14-ի ընտրությունները Թուրքիայի ուղերձն են Արևմուտքին»: «Մենք հիմա զբաղված ենք մեր գործերով, պաշտպանական արդյունաբերության մեջ ինքնաբավության մակարդակը հասել է 80 տոկոսի, և դա հաջողություն է։ Արևմուտքն ասում է, որ դեմ է Էրդողանին։ Չեմ նշի այն ամսագրերը, որոնք գրում են այդ մասին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ մայիսի 14-ի ընտրությունները «բեկումնային կետ» կդառնան, դրանց արդյունքին ուշադիր հետևում են ոչ միայն Արևմուտքում, այլև իսլամական աշխարհի երկրներում։
Պատասխանելով այն հարցին, թե որն է ներկայիս ընտրությունների արմատական տարբերությունը նախորդներից, Էրդողանը նշել է, որ դրանք կենսական նշանակություն ունեն «Թուրքիայի հարյուրամյակի ռազմավարության իրականացման համար, որը հանրապետության հռչակման 100-ամյակին հայտարարել է նախագահի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Էրդողանը նախագահի թեկնածու է առաջադրվել «Հանրապետական դաշինքի» կողմից հանրապետության ղեկավարի ընտրություններում: Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը կլինի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելը։