Найти тему
Հայաստանն այսօր

Տոյվո Կլաարին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարությունը։

Ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ Կլաարը նշել էր  միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին։

Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ «Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում