Найти тему
Armenia Today

ՄԱԿ-ի ԱԽ-ում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած նիստում կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, պատրաստվում են Անվտանգության խորհրդի հայտարարությունը «տարրեր մամուլի համար» ձևաչափով։ Այս մասին РИА Новости – ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այժմ քննարկվում են «մամուլի համար տարրերը»։

Փորձագետները դրանք լրամշակում են», – ասել է Նեբենզյան։ Նրա խոսքով՝ Մոսկվան պնդում է, որ այդ մամուլի տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, կրակի դադարեցման պարտավորություններ են պարունակում և մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն: «Մենք պատմեցինք այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը ինչպես անհատական, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը նորմալացնելու և զինադադար հաստատելու ուղղությամբ, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ն կձեռնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: Գործընկերները շնորհակալություն են հայտնել մեզ այդ տեղեկատվությունը կիսելու համար, շնորհակալություն հայտնել մեր ջանքերի համար», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի: Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում