Փետրվարի 19-ին գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տվյալների՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2004թ․ ծնված Հայկ Պետրոսյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից՝ գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով)։
Գերատեսչությունից հայտնում են, որ իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ զինծայողը հայտնաբերվել էր փետրվարի 19-ին՝ զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, ժամը 12։45-ի սահմաններում՝ գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել էր Իջևանի բժշկական կենտրոն։