«Մենք, բնականաբար նաև ԵԽԽՎ-ն, ԵԽ նախարարների կոմիտեն դիտարկում ենք ձևաչափեր, որոնք կարող են նպաստել գերիների վերադարձի հարցի դրական տեղաշարժին, սակայն դրանք մեզ համար քաղաքական հարթակներ են՝ իրենց հատուկ դրական ու բացասական կողմերով: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Հիմնական դրական կողմն այն է, որ ապահովում են արագ արձագանքը, սակայն հիմնական բացասական կողմն այն է, որ չեն ապահովում հարցի օբյեկտիվ լուսաբանումը, քանի որ այստեղ իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ մեծ բախումներում մեծապես պահպանվում են մեծ քաղաքականության շահերը: Եթե ուշադրություն դարձնենք զեկույցի վերնագրին, արդեն իսկ որոշակի ընտրողականություն կնկատենք. նպատակային կերպով նշված է «մարդասիրական խնդիրներ». ի սկզբանե նպատակ է դրվել անդրադարձ կատարել ավելի չեզոք խնդիրների, ինչպիսին մարդասիրական խնդիրներն են, բայց իրավական ավելի լուրջ խնդիրներ ի սկզբանե դուրս են մնացել քննարկման շրջանակից»,- ասել է իրավապաշտպանը:
««Մարդասիրական խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտում», մինչդեռ մենք շատ լավ հասկանում ենք, որ կոնֆլիկտն ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև. «Այլ հարց է, որ Հայաստանն ունեցել է և ունի հատուկ հարաբերություններ ԼՂՀ-ի հետ, երաշխավոր է և, որպես երաշխավոր, պետք է ներգրավվեր, և փաստացի ներգրավվածություն է ունեցել կոնֆլիկտին»,- ասել է Սահակյանը՝ հիշեցնելով կոնֆլիկտում թուրքական ներգրավվածությունը՝ տարբեր ուղղություններով՝ վարձկաններ, օդուժի կառավարում, սակայն զեկույցը չի վերնագրվել կոնֆլիկտ Թուրքիայի և Հայաստանի միջև: «Հաշվի առնելով, որ այս գործընթացներն իրականացվել են քաղաքական մարմնի կողմից, քաջ գիտակցում ենք, որ քաղաքական նկատառումներն արտացոլված են այս զեկույցում, և հիմնական քաղաքական նկատառումը, որը եղել է և դեռևս պահպանվում է ԵԽ շրջանակում, հարաբերականորեն հավասարության նշան դնելն է կողմերի միջև։ Այս տեսանկյունից մենք մեծապես ապավինում ենք դատական կառույցներին. նրանք ավելի մեծ անկախության աստիճան ունեն և այս առումով պատահական չէր, որ երբ Եվրոպական դատարանը պարտավորությունների չկատարման խնդրով ծանուցում ուղարկեց, բացառապես արձանագրեց Ադրբեջանի կողմից դատարանի առջև պարտավորությունների չկատարաումը. այնտեղ որևէ արձանագրում չկար, որ Հայաստանը չի համագործակցում դատարանի հետ և Ադրբեջանի ռազմագերիների կամ անհետ կորածների առնչությամբ խուսափում է որակյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն. այստեղ մենք հավասարակշության ապահովման խնդիր չունենք»,- նշել է նա:
«Վստահաբար, ադրբեջանական կողմից գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում, և խոսում են մեկ ադրբեջանական դեպքի մասին։ Կարծես թե, նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար»,- նկատել է Ս. Սահակյանը։ Իրավապաշտպանը շեշտել է, որ ընդունված փաստաթուղթը բանաձև է, որն ապահովված է քաղաքական ուժով, և այնքանով, որքանով ԵԽ-ն կօգտագործի իր քաղաքական ուժը՝ ճնշելու պետություններին, բանաձևում զետեղված դրույթները կարող են կյանքի կոչվել և ազդել, որ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիներին առնչվող դատական գործընթացներն արագանան։
#ՄԻԵԴ #հայռազմագերիներ #Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ #ԵԽԽՎ
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում