Այսօր տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի սահմանին միջադեպ է գրանցվել: Ադրբեջանցի զինվորները 13-ամյա երեխայից խլել են 3 կով: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը։
ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ է հայտնել միջադեպից, նշել նաև մեկ այլ միջադեպի մասին:
«Այսօր ադրբեջանցի զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան:
Ադրբեջանցի զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին: Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանցի զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։ Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում:
Ադրբեջանցի զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի»,- գրել է ՄԻՊ-ը: