Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո Կովկասում խաղաղության և կայունության հաստատման շանս է հայտնվել, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր արգենտինացի գործընկեր Սանտյագո Կաֆյերոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Չավուշօղլուն նշել է, որ Կաֆյերոյին տեղեկացրել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Անկարայի նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայուն և զարգացող տարածաշրջան։ Նա հավաստիացրել է, թե իբր Թուրքիան և Ադրբեջանը «անկեղծ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։ «Հավատում եմ, որ մոտ ժամանակներս Հարավային Կովկասը կդառնա տարածաշրջան, որտեղ կխոսեն զարգացման, կայունության և խաղաղության մասին», - եզրափակել է Չավուշօղլուն: