ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը 2022 թվականին աննախադեպ է եղել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ։
Ըստ Սիմոնյանի՝ 2022 թվականին ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվը կազմել է 3 միլիոն 697 հազար 539։ Ուղևորներից 1 մլն 458 հազար 718-ը մեկնել է ռուսական ավիաընկերություններով, 916 հազար 524-ը՝ Հայաստանում գրանցված ավիաընկերություններով, իսկ 1 միլիոն 322 հազարը՝ այլ երկրներում գրանցման ավիաընկերություններով։
Ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է «FlyOne Armenia»-ն՝ 458 հազար 500 ուղևորով, երկրորդ տեղում է ռուսական «Azimuth»-ն է, երրորդը` «Աերոֆլոտը», չորրորդը՝ «Red Wings»-ը, հինգերորդը՝ «Armenia Aircompany»–ն, վեցերորդը՝ «Utair»-ը, յոթերորդը՝ «Wizz Air»-ը, ութերորդը՝ «Rossiya»-ն, իններորդը՝ «Fly Dubai»-ը և տասներորդը՝ հունական «Aegean»-ը։
Հարցին, թե ինչու «Fly Arna» ավիաընկերությունը չի ընդգրկվել տասնյակում, Սիմոնյանը պատասխանեց, որ այն 2022 թվականի հուլիսից է սկսել գործել, սակայն հայկական ավիաընկերությունների հնգյակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 5-րդ տեղում «Շիրակ Ավիան» է։