Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Եվրոպային մեղադրել է արցախահայության ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։ Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում։
«Ոչ մի կարեկցանքի խոսք սովից ու ցրտից մեռնող 120.000 արցախահայության համար։ Ոչ մի դատապարտման խոսք մարդասիրական այս ողբերգությունն իրականացրած ադրբեջանցիների հասցեին։ Որտե՞ղ են Եվրոպայի այն արժեքները, որոնք դուք պետք է ներկայացնեք Կովկասում»,- գրել է նա։
Բյուսոնը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը պղծում հայկական խաչը։
«Ադրբեջանցիները չեն հարգում ո՛չ ողջ, ո՛չ մահացած հայերին։ Երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում... Նրանք Ալիևի գլխավորությամբ նպատակ են հետապնդում ոչնչացնել հայ ժողովրդին՝ նրա հավատը, պատմությունը, ժառանգությունը, ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- կից գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: