Найти тему
Armenia Today

Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները Պուտինից հանդիպում են խնդրել

ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած զինվորների և ռազմագերիների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ իրենց զավակները ողջ և առողջ վերադառնան հայրենիք: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը:

«Ծնողներն ունեն տարբեր լծակներ, հետաքրքրված աղբյուրներից հայտնի է, որ երեխաները՝ մոտավորապես 200-ից ավելի, գտնվում են բռնապետ Ալիևի մոտ: Պահանջում ենք, որ առանց նախապայմանների, առանց քաղաքական առևտրի, երեխաները ողջ ու առողջ վերադառնան հայրենիք»,- ասաց հարազատներից մեկը:

Մեկ այլ ցուցարար նշեց. «Թող չօգտագործեն մեր երեխաներին՝ որպես առևտրի միջոց, ուղղակի ուղարկեն մեր երեխաներին և վերջ»:

Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ իրենց երեխաները «մութ քաղաքական խաղերի, խուլ ու համր միջազգային հանրության զոհն են»:

Ցուցարարները պարզաբանեցին, որ նամակ են գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակը նախագահի աշխատակազմ է հասել մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 17-ին:

«Խնդրել ենք իր այցի շրջանակում ժամանակ հատկացնի ծնողների հետ հանդիպելու, քանի որ եթե այստեղ խնդրեինք հանդիպում, կասեին՝ օրակարգը հաստատված է»,- ասացին նրանք՝ նշելով, որ պատասխան են ստացել այն մասին, որ նամակը ՌԴ ԱԳՆ են փոխանցել:

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։

Սպասվում է ՌԴ նախագահի այցը Երևան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում